Հանցագործ աշխարհում «Քանաքեռցի Տույ» մականունով հայտնի Արթուր Ղազարյանը, որը  1 տարվա ազատազրկման էր դատապարտվել, այսուհետ պատիժը կկրի բաց կալանքի ռեժիմով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Նշենք, որ 2015թ. հոկտեմբերի 5-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել Արթուր Ղազարյանին՝ դատապարտելով 1 տարվա ազատազրկման: Այս պատիժը, ըստ պաշտպան Երեմ Սարգսյանի, խիստ էր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արթուր Ղազարյանի համար մեղադրող Վահե Ասատրյանը 1 տարի 6 ամիս ազատազրկում էր պահանջել:

Արթուր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել եւ կրել հրազեն հանդիսացող «Վիկինգ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող 9մմ/9X19/ տրամաչափի թվով 17 փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ժամանակ: Արթուր Ղազարյանը քրեական շրջանակներում հայտնի է որպես «Քանաքեռցի Տույ»: