Հայաստանը հատկապես թեթեւ աթլետիկայում լավ ավանդույթներ ունեցող երկիր է, եւ այդ սպորտաձեւն այսօր էլ զարգացման մեծ ներուժ ունի: Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը, որն այսօր ընդունել է Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի պատվիրակությանը՝ Ֆեդերացիայի նախագահ, Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի խորհրդի անդամ Սվեյն Առնե Հանսենի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Քրիստիան Միլցը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը եւ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

Ֆեդերացիայի նորանշանակ նախագահը Հայաստան է այցելել՝ ծանոթանալու մեր երկրում աթլետիկա մարզաձեւի զարգացման ընթացքին, իրականացվող միջոցառումներին, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերի 3-ին առաջին անգամ անցկացված միջազգային կիսամարաթոնի արդյունքներին: Այցը նպատակ ունի նաեւ ավարտին հասցնել Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան սինթետիկ ծածկույթով վազքուղու կառուցման գործընթացը, որը հնարավորություն կստեղծի մեր երկրում կազմակերպել միջազգային մակարդակի խոշոր մրցաշարեր:

Նախագահը ողջունել է հյուրերին եւ ընդգծել, որ Հայաստանը հատկապես թեթեւ աթլետիկայում լավ ավանդույթներ ունեցող երկիր է, եւ այդ սպորտաձեւն այսօր էլ զարգացման մեծ ներուժ ունի: Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցների հետ քննարկել է մեր երկրում աթլետիկայի ներկայիս վիճակը, հեռանկարն ու մարզաձեւի զարգացման համար նաեւ պետական աջակցությամբ անհրաժեշտ պայմանների եւ խթանների ստեղծման հնարավորությունները:

Սվեյն Առնե Հանսենը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին հյուրընկալության եւ օլիմպիական կարեւորագույն մարզաձեւերից մեկի՝ աթլետիկայի նկատմամբ նման հոգատար վերաբերմունքի համար, նշելով, որ Հայաստանում սինթետիկ ծածկույթով վազքուղու կառուցման նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են, եւ Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիան պատրաստ է անհատույց միջոցներ հատկացնել այդ նպատակին՝ ակնկալելով նաեւ Հայաստանի կառավարության աջակցությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստակամ է սատարել ծրագրի իրագործմանը, եւ ոլորտի պատասխանատուներն ըստ պատշաճի աշխատանք կտանեն նախատեսված ժամկետում անհրաժեշտ գործընթացներն ավարտին հասցնելու համար: