«Հրազդան» մարզադաշտում սինթետիկ ծածկույթով վազքուղիներ են կառուցվելու։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի աթլետիկայի ասոցիացիայի նախագահ Սվեն Առնե Հանսենին եւ գործադիր տնօրեն  Քրիստիան Միլցին:

Վարչապետը կարեւորել է պարոնայք Հանսենի եւ Միլցի այցը Հայաստան եւ վստահություն հայտնել, որ այն կնպաստի մեր երկրում աթլետիկայի զարգացմանն ու Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հետ համագործակցության խորացմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն անում է ամեն ինչ սպորտի եւ, ընդհանրապես, հանրության շրջանում առողջ ապրելակեպի զարգացման համար: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի աթլետիկայի միջազգային ասոցիացիային՝ Երեւանի «Հրազդան» մարզադաշտում սինթետիկ ծածկույթով վազքուղիների կառուցմանն աջակցելու համար:

Եվրոպայի աթլետիկայի ասոցիացիայի նախագահը եւ գործադիր տնօրենը նշել են, որ պատրաստ են հետագայում եւս աջակցել ՀՀ աթլետիկայի ֆեդերացիային՝ ՀՀ-ում մարզաձեւի հետագա զարգացմանը նոր թափ հաղորդելու նպատակով: Նրանց խոսքով՝ Երեւանում սինթետիկ ծածկույթով վազքուղիների առկայությունը թույլ կտա առաջիկա տարիներին այստեղ կազմակերպել ու անցկացնել բազմաթիվ խոշորամասշտաբ միջազգային մրցումներ:

Այնուհետեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ ստորագրվել է Երեւան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում էլ կիրականացվի «Հրազդան» մարզադաշտում սինթետիկ ծածկույթով վազքուղիների կառուցման ծրագիրը: