Շորթման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կազմակերպելու համար 4 տարվա ազատազրկման դատապարտված ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանի  (Դոգի) պաշտպան Գեւորգ Մելիքյանը դիմել է գլխավոր դատախազություն իր պաշտպանյալի նկատմամբ կեղծիքներ եւ ապօրինություններ թույլ տված ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու պահանջով:

«Վարդան Ղուկասյանի տան խուզարկությունը եւ նրա ձերբակալությունը ապօրինաբար է կատարվել, արձանագրությունը կեղծ է եղել: Ոստիկանները ներխուժել են պաշտպանյալիս տուն ապօրինաբար, նույնիսկ այն աստիճանի են լկտիացել, որ այդ ամեն ինչը տեսագրել են: Ոստիկանները հիմա իրենք իրենց սարքած ծուղակն են ընկել: Մենք պահանջում ենք, որ կեղծիքներ եւ ապօրինություններ թույլ տված ոստիկանները պատժվեն»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Գեւորգ Մելիքյանը:

Պաշտպանի խոսքով՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ թույլ տրված ապօրինությունների մասին կտեղեկանա նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Նշենք, որ հուլիսի՝ 23-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Ղուկասյանին (Դոգ)-ին դատապարտեց 4 տարվա ազատազրկման: Նույն գործով մյուս մեղադրյալներ Հովհաննես Եսայանը եւ Արթուր Մարգարյանը դատապարտվեցին 3 տարվա ազատազրկման եւ համաներմամբ ազատվեցին պատիժը կրելուց:

Հիշեցնենք, որ ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3.1 կետերով մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսին կազմակերպել եւ ղեկավարել է Հովհաննես Եսայանի եւ Արթուր Մարգարյանի կողմից հյուրանոցային համալիրի վարձակալից խոշոր չափերով` 1 մլն. ՀՀ դրամի շորթումը:

Նախաքննությամբ հիմնավորվել էր, որ Վարդան Ղուկասյանը 2013թ. օգոստոսի սկզբին հյուրանոցային համալիրի վարձակալ Աստղիկ Շաքարյանից գումար շորթելու դիտավորությամբ իր մտերիմ Հովհաննես Եսայանին հանձնարարել է տեսանյութեր նկարահանել այդ համալիրի մոտ պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվող կանանց վերաբերյալ:

Տեսանյութերը պատրաստելուց հետո Վարդան Ղուկասյանի ցուցումով Հովհաննես Եսայանը եւ իրենց ընկեր Արթուր Մարգարյանը նույն ամսին սրճարաններում հանդիպումներ են ունեցել Աստղիկ Շաքարյանի հետ ու նրանից պահանջել խոշոր չափերով` 1 մլն. ՀՀ դրամ` սպառնալով հակառակ դեպքում համացանցում հրապարակել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս հասցնող տեղեկություններ, այն է` Աստղիկ Շաքարյանին վերագրվող` այլ անձանց` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ տեսանյութեր:

Աստղիկ Շաքարյանի կողմից գումարի չափը սակարկվելուց հետո Վարդան Ղուկասյանի համաձայնությամբ ու ցուցումով Հովհաննես Եսայանը պահանջել եւ 2013թ. օգոստոսի 22-ին եւ 23-ին բանկային փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուր 500 հազ. ՀՀ դրամ:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3.1-րդ կետերով մեղադրանք էր առաջադրվել նաեւ Արթուր Մարգարյանին եւ Հովհաննես Եսայանին: