Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ նոյեմբերի 17-ին, գործարար տատին թալանելու, սպանելու, ապա նրա դին այրելու մեջ մեղադրվող Երեւանի բնակիչ 24-ամյա Ալբերտ Մոմջյանին մեղավոր է ճանաչել՝ դատապարտելով 21 տարվա ազատազրկման: Այս մասին NEWS.am-ին հայտնեց մեղադրյալի հոր՝ գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Նվարդ Սվարյանը:
Նշենք, որ նախորդ դատական նիստին դատախազ Մարտին Նալբանդյանը նշել էր, որ Ալբերտ Մոմջյանին մեղսագրվող արարքը դատաքննության ընթացքում լիովին ապացուցվել է, եւ պահանջել ամբաստանյալին 23 տարվա ազատազրկման դատապարտել:
Նշենք, որ Ալբերտ Մոմջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ժամանակավորապես բնակվելով իր տատին` Սիլվա Գալստյանին պատկանող բնակարանում, միասնական հանցավոր մտադրությամբ, շարունակաբար` 2014թ. սեպտոմբորի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափի` ընդհանուր 2.963.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր: Այնուհետև` իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` պարանոցի օրգանները սեղմելով, ձեռքերով հարվածներ է հասցրել իր տատ Ս. Գալստյանին ու վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից, որից հետո գիշերը` իր մեքենայով Ս. Գալստյանի դին տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել:
Ալբերտ Մոմջյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի հատկանիշներով: Խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:





























