Լուսանկարում` Գագիկ Սեփոյան

Հանքավանում երեք անձի սպանության մեջ կասկածվող՝ 27-ամյա Հայրապետ Սեփոյանի հորը Գալստյան եղբայրները դանակով հարվածներ են հասցրել վիճաբանության ժամանակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սեփոյանների բարեկամներից մեկը` խնդրելով չհրապարակել իր անունը։

Բարեկամը պատմեց, որ Գալստյան եղբայրները ծեծել են Հայրապետի վատառողջ հորը՝  Գագիկ Սեփոյանին ու հորեղբորը, դանակով հարվածներ հասցրել Գագիկ Սեփոյանի ոտքին, վնասել աչքը։ Երբ զանգահարել են նրա որդուն ու տեղեկացրել կատարվածի մասին, վերջինը բարկացած մեկնել է դեպքի վայր։ Թե որտեղից է Հայրապետը ձեռք բերել ինքնաձիգը, որով ենթադրաբար կրակելով սպանել է Գալստան եղբայրներին ու նրանց ընկերոջը, բարեկամները պատկերացում չունեն։

Բարեկամի խոսքով՝ սպանվածները վիճաբանության ժամանակ եղել են ալկոհոլի ազդեցության տակ:

Նշենք, որ ավելի վաղ Գալստյան եղբայրների հարեւանները NEWS.am–ի հետ զրույցում պնդել էին, որ եղբայրները հավասարակշռված ու լավ ընտանիքից էին, եւ չեն հավատում, որ նրանք առանց լուրջ պատճառի կարող էին որեւէ մեկին ծեծել։

Կասկածյալ Հայրապետ Սեփոյանը ձերբակալված է։ Նրա հայրը` Գագիկ Սեփոյանը, այժմ գտնվում է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրա վիճակը միջին ծանրության է, ըստ դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ է ստացել։

Հիշեցնենք, որ  նոյեմբերի 16-ի երեկոյան կրակոցներ էին նչել Հանքավանի «Տաք ջուր» կոչվող տարածքում, ինչի հետեւանքով մահացել էին եղբայրներ 25-ամյա Վարդան եւ 35-ամյա Վահե Գալստյանները, նրանց ընկեր, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կողմերի վիճաբանության պատճառը եղել է ծառահատումը: Ըստ այդմ, սպանված երիտասարդները` Վարդան ու Վահե Գալստյանները, Հայրապետ Սեփոյանի հոր հետ վիճել են այն պատճառով, որ վերջինս կտրել է նրանց հոր` Հանքավանում գործարար Ֆրունզե Գալստյանի տնկած ծառը, որդին հոր վրեժը լուծելու համար Հանքավանի «Տաք ջուր» առողջավայրում ինքնաձիգով կրակել է Վահեի մեքենայի վրա, ինչի հետեւանքով մեքենայում գտնվող երեք երիտասարդները մահացել են։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում  նոյեմբերի 17-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ռազմամթերքի ձեռք բերել, պահել)։

Վարդան Գալստյանն ու  Արմեն Հովհաննիսյանը ամուսնացած չէին: Վահե Գալստյանը երկու անչափահաս զավակների հայր էր: