ԵՄ անդամ 28 պետությունների պաշտպանության նախարարները միաձայն սատարել են ռազմական օգնության եւ համագործակցության մասին Ֆրանսիայի խնդրանքը:
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ընդգծել է, որ Ֆրանսիան օգնություն է խնդրել այն ժամանակ, «երբ, կարելի է ասել, ամբողջ Եվրամիությունն է հարձակման ենթարկվել»:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, ԵՄ-ն օգնություն կարող է տրամադրել զենքի (այդ թվում՝ ինքնաթիռների) եւ զինամթերքի մատակարարումների տեսքով: Իրաքում եւ Սիրիայում այս տարվա սեպտեմբերից ֆրանսիական ՌՕՈՒ-ի ավիահարվածներին ԵՄ այլ երկրների զինվորականների անմիջական մասնակցության մասին առայժմ չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով 129 մարդ է սպանվել, ավելի քան 350 հոգի վիրավորվել է: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները:





























