Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են համակարգել երկու երկրների ռազմական գերատեսչությունների եւ հատուկ ծառայությունների գործողություններն ԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարում:

Կրեմլի մամուլի ծառայության տեղեկացմամբ, զրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:

«Առաջնորդները հատուկ ուշադրություն են դարձրել միջազգային ահաբեկչությանը հակազդելու հարցում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության զարգացման հարցին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, մասնավորապես, ավելի սերտ կապեր ապահովել եւ համակարգել երկու երկրների ռազմական գերատեսչությունների եւ հատուկ ծառայությունների գործողություններն ԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարում»,- ասված է հաղորդագրությունում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր Սիրիայի հարցով ֆրանսիական ՌԾՈՒ-ի հետ համատեղ գործողությունների ծրագիր մշակել: