Քալիֆորնիայում վճիռ են կայացրել 39-ամյա տղամարդու նկատմամբ, որը գազանաբար սպանել էր իր ծանոթին։ Լոս Անջելես շրջանի դատավոր Քեթրին Մեդերի վճռով, ամբաստանյալ Գեբրիել Կամպոս-Մարտինեսը ճաղերի ետեւում կանցկացնի 25 տարի։ Նրա արարքի դրդապատճառներն այդպես էլ չեն պարզվել։
Քննությունը սկսվել էր 2012թ. հունվարին։ Գրիֆիթ-պարկում շների հետ զբոսնող երկու կանայք Hollywood գրառման մոտ տղամարդու կտրված գլուխ էին գտել։ Հաջորդ օրը ոստիկանները հայտնաբերել էին մարմնի մյուս մասերը։ Սպանվածը Լոս Անջելեսի բնակիչ, 66-ամյա Հերվի Կորոնադո Մեդելինն էր։ Մարտինեսը նրա հետ տուն էր վարձակալել Դելոնպրե ավենյուում։
Քննության վարկածով, 2011թ. դեկտեմբերի 27-ին նրանց միջեւ վեճ էր ծագել, Մարտինեսը խեղդել եւ մասնատել էր Մեդելինին։ Իրավապահները խուզարկության ժամանակ պարզել էին, որ այդ տան համակարգչից ինչ-որ մեկը դիակ մասնատելու մասին նյութ է կարդացել համացանցում։





























