ԱՄՆ-ում Twitter-ի օգտատերերը սատարել են սիրիացի փախստականներին, որոնց Փարիզի ահաբեկչություններից հետո որոշ նահանգներ հրաժարվում են ընդունել: Նրանք հիշեցրել են, որ Apple կորպորացիայի հիմնադիր Սթիվ Ջոբսի կենսաբանական հայրը Սիրիայից էր:

«Սթիվ Ջոբսը սիրիացի փախստականի որդի է: Հիշեք այս մասին, երբ հանրապետականներն ասեն, որ չպետք է ընդունենք նրանց»,- գրել է @CanProveIt օգտատերը:

«Ո՞վ էր Աբդուլֆաթահ Ջանդալին: Սիրիացի, ինչպես նաեւ Սթիվ Ջոբսի հայրը»,- նշել է @paulhansen64 անունով օգտատերը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով USA Today-ին:

Սթիվ Ջոբսի պաշտոնական կենսագրության համաձայն, Աբդուլֆաթահ Ջանդալին ծնվել եւ մեծացել է սիրիական Հոմս քաղաքում, իսկ 1954 թվականին մեկնել ԱՄՆ: Այնտեղ նա ծանոթացել է Ջոբսի ապագա մոր՝ Ջոաննա Քերոլ Շիբլի հետ: Զույգից տղային որդեգրել են Փոլ եւ Քլարա Ջոբսերը, որոնք նրան Սթիվեն Փոլ են կոչել:

Նոյեմբերի 16-ին Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պոտենցիալ թեկնածու Դոնալդ Թրամփն առաջարկել էր «լրջորեն մտածել» երկրի մզկիթները փակելու հարցի շուրջ՝ Փարիզի ահաբեկչություններից հետո ձեռնարկվելիք անվտանգության միջոցառումների շրջանակում: CNN-ի հաղորդմամբ, ներկայում երկրի 50 նահանգներից 27-ը հրաժարվում է ընդունել սիրիացի փախստականներին: