Պետության հարկային արտոնություններն առաջիկայում կօգնեն 300 աշխատատեղ բացել սահմանամերձ Չորաթան գյուղում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը:

«Տավուշ տեքստիլ» ձեռնարկությունը հիմնել է ծնունդով Տավուշից ռուսաստանաբնակ հայ գործարարը: Ընդհանուր առմամբ, նա ծրագրում է տեքստիլի արտադրամասեր բացել Բերդի եւ Նոյեմբերյանի սահմանամերձ 4 գյուղերում՝ 1.5-2 հազար աշխատատեղով:

«Ռուսաստանում նույնպես նա զբաղվել է թեթեւ արդյունաբերությամբ, լավ գիտի ռուսական շուկան եւ ցանկանում է այնտեղ Հայաստանից արտադրանք մատակարարել, օգնել իր երկրամասին»,- հայտնեց Եգանյանը:

Գործարարը որոշել է հայրենիքում ներդրումներ կատարել, երբ իմացել է Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերը հարկերից ազատելու որոշման մասին: «Կարծում եք՝ արտոնությունների մասին որոշումը կաշխուժացնի այդ վայրերում տնտեսությունը եւ կլուծի զբաղվածության հարցը: Այնտեղ կարող են տեղական հումքից արտադրանք տալ. կաթնամթերք, մրգերի պահածոներ, չրեր եւ այլն, կարող են նաեւ վերամշակել այլ վայրերից ստացված հումքը»,- հավելեց Արմեն Եգանյանը:

Քանի որ այս դեպքում խոսքը տեքստիլի մասին է, ապա, ամենայն հավանականությամբ, ձեռնարկությունում հիմնականում կանայք կաշխատեն: Ամսական աշխատավարձը հավանաբար կկազմի շուրջ 80-100 հազար դրամ (շուրջ 200 դոլար - խմբ.): Եգանյանի խոսքով, սահմանամերձ շրջանների համար սա, իհարկե, բավական զգալի գումար է:

Նշենք, որ «Սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեությունը հարկերի ազատելու մասին» օրինագծի համաձայն, փոքր բիզնեսն ազատվում է շրջանառության հարկից, իսկ ավելի խոշոր բիզնեսը՝ ԱԱՀ-ից: Ձեռնարկություններն ազատվում են շահութահարկից, իսկ անհատ ձեռներեցները՝ եկամտահարկից: Հարկերից գործում են միայն եկամտահարկն ու վարձու աշխատողների համար սոցվճարները: