Տուլայում հայկական ավտոբուսի վթարից եւ վարորդ Գառնիկ Հարությունյանի կալանավորվելուց հետո սկսեցին խոսակցություններ պտտվել վարորդի՝ Հայաստանին հանձնելու հավանականության մասին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արդարադատության նախարարության հանձնումների եւ դատական հանձնարարությունների բաժնի պետ Արմենուհի Հարությունյանը մեկնաբանել է, թե որ դեպքում է այլ երկրներում հանցագործություն կատարած՝ ՀՀ քաղաքացին հանձնվում Հայաստանին:

Հանձնումների եւ դատապարտյալների փոխանցման միջեւ տարբերություններ կան

Հանձնումը ոչ միայն մեղադրյալի, այլեւ դատապարտված անձի հանձնումն է, բայց տվյալ անձը պետք է երբեք պատիժը կրած չլինի: Օրինակ, եվրոպական երկրներում հնարավոր է անձի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնել առանց նրա ներկայության: Հետեւաբար, անձի հանձնում է կատարվում, ոչ թե փոխանցում:

Դատապարտյալների փոխանցումն իրականացվում է մի երկրի կողմից կոնկրետ պատիժը կրող դատապարտյալի նկատմամբ, որը խնդրում է իրեն փոխանցել իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր՝ պատժի մնացած մասը շարունակելու նպատակով:

Ինչպես է կարգավորվում մեղադրյալի կամ ամբաստանյալի հանձնումը

Պետք է փաստել, որ Հայաստանն այն սակավաթիվ երկրներից է, որն ունի հանձնման 2 ընթացակարգ՝ փոխադարձության կամ օրենքի ու միջազգային պայմանագրի հիման վրա:

Հանձնումը կատարվում է միջազգային պայմանագրերին կամ առանց միջազգային պայմանագրերին համապատասխան: Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգիրքը հանձնման համար հենց այսպիսի երկու գլուխ է նախատեսել: Միջազգային պայմանագրերի համաձայն հանձնումն իրականացվում է ոչ միայն Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, այլեւ միջազգային պայմանագրով նախատեսված բացառություններով, եթե այդպիսիք կան:

Սովորաբար, հանձնումն անում ենք «Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի» շրջանակում, որը նախատեսված է Եվրոպական միության երկրների համար, սակայն որին միացել են նաեւ այլ երկրներ:

Մնացած դեպքերում գործում են հանձնման երկկողմ կոնվենցիաներ: Օրինակ, մենք այդպիսի կոնվենցիաներ ունենք Վրաստանի, Արաբական միացյալ էմիրությունների, Իրանի իսլամական Հանրապետության հետ:

Տվյալ երկրի իրավասությանն է վերաբերում հանցագործության նախաքննության փուլի իրականացումը

Պետք է չմոռանալ, որ տվյալ երկրի իրավասությանն է վերաբերում հանցագործության նախաքննության փուլի իրականացումը: Շատ հաճախ հանցագործությունը կատարելուց հետո անձը պատասխանատվությունից  խուսափելու համար հեռանում է տվյալ երկրից: Այդ դեպքում հետախուզում է հայտարարվում, որից հետո տվյալ երկիրը փնտրում է անձին՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Հենց այս փուլում էլ իրականացվում է հանձնումը: Հայաստանի Հանրապետությունում երկու իրավասու մարմին կարող է հանձնման գործընթացը կազմակերպել. մինչդատական վարույթում հանձնումն իրականացնում է Գլխավոր դատախազությունը, իսկ դատական վարույթում՝ Արդարադատության նախարարությունը:

Թարմ օրինակ. Հայկական ավտոբուսի վթարը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության տարածքում, հետեւաբար, նախաքննության փուլը պետք է իրականացնի ռուսական կողմը:

Անձի ցանկությամբ նախաքննության փուլում չի կարող հանձնում իրականացվել

Դատապարտյալների փոխանցման դեպքում կա մի առավելություն. պետությունը կարող է դիմել, որ իր քաղաքացի դատապարտյալին փոխանցեն Հայաստանի Հանրապետություն: Դատապարտյալների փոխանցումը շատ հաճախ կատարվում է սոցիալական խնդիրներ լուծելու համար՝ դատապարտյալների ավելի հեշտ ուղղելու, կյանքին նորից վերադարձնելու, հարազատների հետ շփումները չընդհատելու համար:

Որ դեպքում է իրականացվում դատապարտյալների փոխանցումը

Դատապարտյալների փոխանցումն իրականացվում է մի երկրի կողմից կոնկերտ պատիժը կրող դատապարտյալի նկատմամբ, որը խնդրում է իրեն փոխանցել իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկրիր՝ պատժի մնացած մասը շարունակելու նպատակով:

Եթե տվյալ անձը դատապարտյալ է եւ հանդիպսանում է ՀՀ քաղաքացի եւ ցանկություն է հայտնել պատիժը շարունակել կրել Հայաստանի Հանրապետությունում, այդ դեպքում «Դատապարտյալների փոխանցման կոնվենցիան» է գործում:

Օրինակ, վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ այս փուլում իսկ կարելի է կիրառել դատապարտյալների փոխանցման կոնվենցիան: