Օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված` պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են նախկինում հիշյալ գործով վարույթն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու առերեւույթ հանցագործությունների դեպքեր:
Այսպես՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչները, շուրջ երկու տարի, քրեական գործով նախաքննության կատարման ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, քննչական գործողությունները եւ դատախազի ցուցումները ժամանակին եւ պատշաճ կարգով չեն կատարել եւ արհեստականորեն ձգձգել են նախաքննությունը, իսկ նրանցից մեկը Ազատան համայնքի ավագանու նիստերի արձանագրությունների գրանցամատյանը զննելիս դրանում առկա ու տեսանելի ջնջումները եւ ավագանու անդամի՝ նիստերին մասնակցելու վերաբերյալ գրառումները արձանագրության մեջ խեղաթյուրված է ներկայացրել:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ քաղաքացի Կարապետ Ա.-ն հայտնել է, որ Վարդան Ի.-ն, 2008 թվականից աշխատելով Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավարի պաշտոնում, չարաշահելով իր լիազորությունները, 2009 թվականից մինչ օրս դրամական օգնություններ է հատկացրել համայնքի այն բնակիչներին, ովքեր փաստացի բացակայել են համայնքից, ինչպես նաեւ թույլ է տվել բազմաթիվ այլ չարաշահումներ, որով էական վնաս է պատճառվել համայնքի շահերին:
Քաղաքացի Կարապետ Ա.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի բաժանմունքում դեռեւս 2013 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ շուրջ երկու տարի կատարվել նախաքննություն: Այնուհետեւ տեւական ժամանակ քննված հիշյալ քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչի որոշմամբ կարճվել է, սակայն դատախազը վերացրել է քրեական հետապնդում չիրականացնելու եւ գործով վարույթը կարճելու վերաբերյալ վերջինիս կայացրած որոշումը եւ ուղարկել լրացուցիչ նախաքննության:
Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:





























