Որոշակի դրական քայլեր են կատարվել` ներառյալ պայմանավորվածությունների ձեռք բերումը այն մասին, որ Սիրիայում անցումնային շրջան է հայտարարվելու: Այդ մասին Երեւանում նոյեմբերի 18-ին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Բրիջիտ Բրինկը:
Անդրադառնալով Ռուսաստանի մամուլի քարտուղարի հայտարարությանը առ այն, որ «Իսլամական պետության» վերաբերյալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումներն այս պահից արդեն լիովին համընկնում են, Բրիջիտ Բրինկը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, ինչպես նաեւ նախագահ Բարաք Օբաման եւ փոխնախագահ Ջո Բայդենն իրականում շատ ակտիվորեն աշխատել են այս հարցի շուրջ: «Վերջերս Վիեննայում պետքարտուղար Քերրին հանդիպել է մի շարք երկրների ներկայացուցիչների, այդ թվում նաեւ` Ռուսաստանի` փորձելով առաջընթացի ընդհանուր ուղի մշակել: Ես չեմ կարող խոսել Ռուսաստանի շահերի մասին, կարող եմ խոսել ԱՄՆ-ի շահերի մասին: Մենք տեսնում ենք, որ ահաբեկչության եւ «Իսլամական պետության» դեմ պայքարը գլոբալ պայքար է, եւ այս պայքարում մենք պիտի աշխատենք նաեւ այլ երկրների հետ», - ամփոփել է Բրիջիտ Բրինկը:





























