Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն արդեն կարելի է նվազեցնել 4 դրամով (8 տոկոսով, ծ.խ.): Այդ մասին նոյեմբերի 18-ին Հայաստանի խորհրդարանում ասել է Հայ ազգային կոնգրեսի խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:  

Նա նշել է, որ «Հայաստանի Էլցանցերը» նոր սեփականատիրոջը վաճառելու առաջին ամսվա ընթացքում հավաքված գումարը  120 մլն դրամով աճել է: Այլ կերպ ասած, ճիշտ այդքանով նվազել են ցանցում չհաշվառվող կորուստները, հավելել է պատգամավորը: 

«Դա նշանակում է, որ կորուստները կարող են կրճատվել  2-3 տոկոսով: Այսինքն միայն Երեւանում սակագինը կարելի է կրճատել  1,8 – 2 դրամով: Իսկ եթե հաշվի առնենք, որ կորուստները կամ «ստվերը» հնարավոր է կրճատել նաեւ ամբողջ հանրապետության տարածքում, ուրեմն կարելի է արդեն  4 դրամով նվազեցնել սակագինը», - ասել է Մանուկյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ աղմկալի բողոքներից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ մինչեւ միջազգային աուդիտի եզրակացությունը, կառավարությունն իր վրա կվերցնի 6,93 դրամով թանկացման ամբողջ բեռը  (դրա ներառմամբ սակագինը հասել է  48,78 դրամի կամ էլ մեկ կվտտ ժամի դիմաց մոտ 10,3 ցենտի):

Սուբսիդիաները կշարունակվեն մինչեւ Deloitte & Touche CIS քոնսալթինգային ընկերության կողմից վերլուծության ավարտը: Միջազգային տենդերի արդյունքում ընտրված ընկերությունը պատրաստվում էր  16 շաբաթում ավարտել աշխատանքը: