ԱՄՆ-ը շարունակում է աջակցել ղարաբաղյան հակամարտության գոտու ականազերծման գործընթացին: Այդ մասին Երեւանում նոյեմբերի 18-ին ասել է  ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպային եւ Եվրասիային օգնության տրամադրման համակարգող Ալինա Ռոմանովսկին` անդրադառնալով այն հարցին, թե ԱՄՆ-ի կառավարությունը չի՞ նախատեսում ավելացնել Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը հատկացվող օգնությունը` հաշվի առնելով, որ երկիրը վստահորեն առաջանում է զարգացման եւ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհով:  

Ալինա Ռոմանովսկու խոսքով, Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ-ի օգնությունը կենտրոնացած է երկու ոլորտի վրա` տարածաշրջանի ջրային ենթակառուցվածքների բարելավման եւ ականազերծման գործողությունների իրականացման: «Դրանք այն ոլորտներն են, որոնցում մենք շարունակում ենք օգնություն տրամադրել, որովհետեւ այդ համատեքստում մեր նպատակն է ապահովել ականներից տարածաշրջանի ազատումը   եւ այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունը», - ընդգծել է Ալինա Ռոմանովսկին: