Մարզահամերգային համալիրի ներդրողին խիստ պահանջներ են ներկայացվել պետության կողմից։ Այդ մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։

Նա ընդգծել է, թե «ՆՏԱԱ Ինվեսթմենթ Գրուպ» ընկերությունը, որը ՄՀՀ գնման հայտ է ներկայացրել, չի ստանա համալիրը, քանի դեռ չի փոխանցել պայմանագրային արժեքը՝ 30 մլն դոլարը։ Խստապահանջությունը կապված է նրա հետ, որ ընկերությունը նախկինում Հայաստանում տնտեսական գործունեության պատմություն չունի։ Համալիրի առուվաճառքի պայմանագիրը կառավարությունը հաստատել էր 2015թ. օգոստոսին։ «Բայց պայմանագիրն ուժի մեջ չի մտնի, քանի դեռ գումարը չենք տեսել»,- ասել է Հարությունյանը։

Գումարը փոխանցելուց հետո ընկերությունը պետք է հետեւի պայմաններին։ Առաջինը՝ համալիրը նախկինի պես ուղիղ նշանակության օգտագործելն է։ Հարակից տարածքում պետությունը թույլ կտա հյուրանոցային համալիր կառուցել։ Հովհաննես Մարգարյանի հարցին, թե արդյոք տարածքում կազինո է կառուցվելու, Դավիթ Հարությունյանը նշել է, որ կառավարությունը թույլ կտա միայն մեկ դեպքում՝ 100 մլն դոլար ներդնելու պայմանով։