Արաբական միացյալ Էմիրությունների պատմության մեջ առաջին անգամ այդ երկրի խորհրդարանի խոսնակ է դարձել կին պաշտոնյա։ Ամալ Ալ Կուբեյսիի թեկնածությունը նոյեմբերի 18-ին միաձայն հավանություն է ստացել օրենսդիրների կողմից։

Al Bayan կայքը որոշ մանրամասներ է ներկայացնում Կուբեյսիի անցած քաղաքական ճանապարհի մասին։ Այսպես՝ նա կրթություն է ստացել Դուբայի միջնակարգ դպրոցներից մեկում, այնուհետեւ՝ 1993թ. շարունակել է բարձրագույն կրթությունը ԱՄԷ պետական համալսարանում՝ ստանալով ճարտարապետության բակալավրի աստիճան։ 2000թ. շարունակում է ուսումը Միացյալ թագավորությունում՝ ստանալով դոկտորի կոչում։ Դրանից հետո վերադառնում է ԱՄԷ եւ 6 տարի դասավանդում է համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում։

Այդ ժամանակաշրջանում էլ սկսում է մասնակցել պետական հաստատությունների մշակած զբոսաշրջության զարգացման ծրագրերին։ Կուբեյսին մեծ ուշադրություն էր դարձնում տեղի մշակութային ժառանգության պահպանմանը՝ մասնակցելով դրանց հետազոտության աշխատանքներին։

«Ես կամավորական աշխատանքներ էի կատարում՝ հատկապես ուշադրություն դարձնելով փլուզման վտանգի եզրին գտնվող շինությունների ռեստավրացիայի ծրագրերին եւ հետաքրքրություն էին ցուցաբերում ԱՄԷ կառավարության հետ համագործակցությանը»,- ասում է նա։

Բացի այդ, Կուբեյսին ճարտարապետության եւ մշակութային ժառանգության պահպանման համաշխարհային կազմակերպությունների անդամ է հանդիսանում։ Նա պաշտոնապես ներկայացրել է ԱՄԷ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ում, ինչպես նաեւ տարբեր միջազգային կոնֆերանսներում եւ համաժողովներում։

Քաղաքական կարիերան սկսել է կառուցել 2006թ. դեկտեմբերին։ Այդ ժամանակ նա հաղթանակ է տանում տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դառնում է 4 հաղթանակ տարած թեկնածուներից մեկը եւ անցնում է օրենսդիր մարմին, որտեղ կանանց ներկայությունը կազմում է 22.5 տոկոս։ Այս ցուցանիշն աշխարհում երկրորդն է Գերմանիայից հետո։

Ավելի ուշ նրան  նշանակում են Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալ, որը նրան հնարավորություն  տալիս 2012թ. Ազգային ժողովի  6-րդ գումարման նստաշրջանում նախագահել խորհրդարանը։