Հայաստանում էլեկտրականությունն էժանացնելու հնարավորություններ այժմ չկան։ Այդ մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին։
Նա նկատել է, թե «Հայաստանի էլեկտրացանցերի» կորուստների կրճատումը սակագնի վրա ազդել չի կարող, քանի որ կորուստները գերազանցում են սակագնում դրված տոկոսաչափը։ Իսկ դրանից ավելն արդեն օպերատորը պետք է ծածկի իր շահույթների հաշվին։
Այսպիսով, այժմ նրանք միայն կրճատում են սեփական ֆինանսական կորուստները, բայց դեռ չեն հասել սակագնայինին։
Նշենք, որ ՀԷՑ-ի համար կորուստների սակագնային նորմատիվը սահմանված է 11.2 տոկոսի չափով։ 2014թ. ընկերության կորուստները կազմել են 12,9 տոկոս։





























