Հայաստանի անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ապրել։ Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը, որն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին, ով Հայաստան է ժամանել Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է հանձնաժողովի գործունեությունը, որը, նրա համոզմամբ, երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության համակարգման կարեւոր եւ հաջողված ձեւաչափ է: Ընթացիկ տարում, Նախագահի գնահատմամբ, հայ-ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերություններում ունեցած կարեւոր ձեռքբերումներից էր Առեւտրի եւ ներդրումների խրախուսման մասին (TIFA) շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ինչը նաեւ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության մասին է վկայում:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ապրել, եւ դա տեղի է ունեցել երկուստեք ջանքերի ու փոխադարձ քաղաքական կամքի շնորհիվ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ներկայումս երկկողմ հարաբերությունների օրակարգը ներառում է ամենատարբեր ոլորտներ՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար եւ այլն, որոնց շրջանակներում տարեցտարի նոր ձեռքբերումներ են արձանագրվում: Հայաստանը եւ Միացյալ Նահանգները ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցության ձեւաչափերում:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել տարիներ շարունակ Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը Միացյալ Նահանգների ցուցաբերած աջակցությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ ԱՄՆ ջանքերը: Նախագահը կարեւորել է նաեւ Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահող երկրի, շարունակական ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը եւս բարձր է գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակը, ընդգծելով, որ Հայաստան է ժամանել առաջին հերթին Միացյալ Նահանգների գնահատանքը հայտնելու անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցության համար, որը, ըստ նրա, հատկապես կարեւոր է գնահատվում համաշխարհային վերջին զարգացումների եւ Փարիզում տեղի ունեցածի համատեքստում:

«Միացյալ Նահանգները եւ Հայաստանը գործընկերներ են խաղաղությանը, կայունությանը եւ բարեկեցությանն առնչվող տարաբնույթ հարցերում: Մենք բարձր ենք գնահատում գլոբալ անվտանգության ոլորտում Հայաստանի ներդրումը, մասնավորապես՝ 2004թ.-ից Կոսովոյում եւ 2010թ.-ից Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի շրջանակում, 2014թ.-ից Լիբանանում՝ ՄԱԿ-ի շրջանակում, իսկ վերջերս Խաղաղապահության հարցերին նվիրված ՄԱԿ-ի վեհաժողովում, Հայաստանն հայտարարեց ամբողջ աշխարհում խաղաղապահ առաքելություններին աջակցելու իր պատրաստակամության մասին: Ուրախ եմ լինել այստեղ՝ Երեւանում եւ օգնել մեր երկու երկրների միջեւ առեւտրային կապերի սերտացմանը՝ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի միջոցով: Մենք, տեղի մեր գործընկերների հետ, շարունակում ենք աշխատել՝ աջակցելու Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում եւ ժողովրդավարական զարգացման, այդ թվում նաեւ սահմանադրական բարեփոխումների դեկտեմբերի 6-ին նախատեսված հանրաքվեի թափանցիկության, ներառականության ու ներկայացուցչականության հարցերում»,-ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն ասել է Բրիջիթ Բրինքը: