Սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ լիագումար նստաշրջանում քննարկվելու է «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը: Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:

Նախագիծը ներկայացրել է Ադրբեջանը եւ, ինչպես արդեն հաղորդվել է, պետք է քննարկվեր սեպտեմբերի 9-ին: Փաստաթուղթն օրակարգում ներառված է 18-րդ համարի տակ: Նույն օրը 14 համարի տակ քննարկվելու է «ՎՈՒԱՄ տարածքում սառեցված հակամարտությունները, դրանց ազդեցությունը միջազգային անվտանգությա, զարգացման եւ կայունության վրա»:

«Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագծում, մասնավորապես, խոսվում է ադրբեջանցի փախստականների իրենց բնակավայրեր վերադարձնելու անհրաժեշտության եւ «Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում» մշակութային հուշարձանների ոչնչացման անթույլատրելիության մասին:

Նախագծով խնդրվում է 65-րդ նստաշրջանին` համակողմանի զեկույց ներկայացնել բանաձեւի կատարման ընթացքի վերաբերյալ:

Հայ Դատի գրասենյակներն ու Հայաստանի դիվանագիտական առաքելությունները ողջ աշխարհում աշխատանք են տանում ՄԱԿ-ում այդ բանաձեւի ընդունումը կանխելու ուղղությամբ: