Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը սպանվել է Սեն Դենի արվարձանում ոստիկանական գրոհի ժամանակ։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի դատախազությանը։ Բելգիայի ոստիկանությունն ունի Աբաուդի ԴՆԹ-ի նմուշները, որոնք արդեն ուղարկել են ֆրանսիացի գործընկերներին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով BFM հեռուստաալիքը։
The Washington Post թերթի տեղեկություններով Աբաուդը սպանվել էր խոշորամասշտաբ գործողության ժամանակ, որը Ֆրանսիայի հատուկ ծառայություններն իրականացրել էին նոյեմբերի 18-ին Փարիզի Սեն Դենի արվարձանում։
Հաղորդվում է, որ ոստիկանությունը ստիպված է եղել դիմել ԴՆԹ անալիզի օգնությանը՝ գրոհի ժամանակ սպանված 2 ահաբեկիչների ինքնությունը հաստատելու համար։
Միաժամանակ Ֆրանսիայի դատախազությունը հայտնել է, որ հնարավոր չէ նշել գործողության ժամանակ սպանվածների հստակ թիվը։





























