37-ամյա Կարեն Գալստյանն ընդունել է իր մեղավորությունը զեղծարարության սխեմայով միլիոնավոր դոլարներ աշխատելու մեջ, հաղորդում է Los Angeles Times պարբերականը։ Ամերիկահայ գործարարը զեղծարարություններն արել է Գլենդեյլում գտնվող իր Toro Ride ընկերության միջոցով, որը մատուցում է ԱՄՆ-ում լայն տարածում ունեցող այսպես կոչված «կիսովի տաքսի» ծառայություններ:
Այս ծառայությունից օգտվողները հիմնականում իրենց սմարթֆոնների հավելվածների միջոցով պատվիրում են տաքսի և գտնում մոտակայքում գտնվող և իրենց ուղղությամբ մեկ այլ պատվեր կատարող մեքենա, որը նրանց արագ և հարմարավետ հասցնում է իրենց ուզած վայրը, իսկ գումարը գանձվում է բոլոր պատվիրատուներից: ԱՄՆ կառավարությունը աջակցում է նման ծառայություններ մատուցողներին` գլխավորապես այն պատճառով, որ դրանք նպաստում են թունավոր արտանետումների նվազմանը:
Կարեն Գալստյանը, օգտագործելով իր ընկերությունը, Verizon-ից խաբեությամբ յուրաքանչյուրը 99 դոլարով ձեռք է բերել 500 դոլար արժողությամբ 30 հազար iPhone` վստահեցնելով, որ դրանք օգտագործվելու են իր ընկերության համար աշխատող վարորդների կողմից և այդպիսով խնայել 13 միլիոն դոլար:
Նա վստահեցրել է, որ իր ընկերությունը 20 միլիոն դոլար է ստացել ներդրողներից և մտադիր է իր ծառայությունների ծածկույթը տարածել երկրով մեկ, սակայն թաքցրել է փաստը, որ մեկ այլ գործով դատական գործընթացում ներգրավված է որպես մեղադրյալ և չի կարողանալու դա անել։
Վեց ամսվա ընթացքում Գալստյանը ցածր գնով ձեռք բերած հեռախոսները վերավաճառել է միջազգային ընկերություններին, որոնք հեռախոսները ակտիվացրել են Վիետնամում, Իրաքում, Չինաստանում և Սաուդյան Արաբիայում։
Ստացած շահույթով նա ձեռք է բերել մի քանի արժեքավոր անշարժ գույք, այդ թվում` փենթհաուզ համալիր Լաս Վեգասում: Գալստյանն իրեն մեղավոր է ճանաչել, նաև համաձայնել է հրաժարվել զեղծարար սխեմայի միջոցով ձեռք բերած ամբողջ ունեցվածքից, այդ թվում` բազմաթիվ մեքենաներից և տարբեր քաղաքներում ունեցած անշարժ գույքից, նաև 17 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել Verizon-ին: Դատավճիռը կլինի հունվարին:





























