Ինքնասպանության հակում ունեցող հիվանդներին հոգեբուժական կլինիկաներում անհատական սանիտար է հասնում: Այդպիսի հիվանդին կցված սանիտարը պետք է մշտապես հետեւի նրան եւ ուղեկցի նույնիսկ զուգարան կամ լոգարան գնալիս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց անունը հրապարակել չցանկացող փորձագետը՝ մեկնաբանելով «Նորք» հոգեբուժական կլինիկայում գրանցված ինքնասպանության դեպքը:
Աղբյուրի փոխանցմամբ, կլինիկայում մտադիր են աշխատանքից ազատել այդ օրը հերթապահած սանիտար կնոջը՝ նշելով, որ նա կին է, իսկ հարկավոր է, որ այդ աշխատանքը տղամարդը կատարի: Սակայն, ըստ փորձագետի, 20 հիվանդի սպասարկող սանիտարը չէր կարող եւ պարտավոր չէր հետեւել ինքնասպանության հակում ունեցող հիվանդին. նրան պետք է առանձին մարդ կցվեր: Եթե կլինիկայի ղեկավարությունը դա չի արել, ապա պատասխանատվությունը հենց ղեկավարությունն է կրում, այլ ոչ սանիտարը:
Մեկնաբանելով տեղեկությունն այն մասին, որ վերջին օրերին երիտասարդը շատ հանգիստ է եղել, մասնագետը նշեց, որ հենց այդ փաստը պետք է անհանգստացներ հոգեբույժներին: Նրա խոսքով, ինքնասպանության հակում ունեցող հիվանդը հանգիստ է դառնում հենց այն ժամանակ, երբ ինքնասպանություն գործելու որոշում է կայացնում եւ մտածում է բոլոր մանրուքները:
Հիշեցնենք, որ «Նորք» հոգեբուժական կենտրոնի 26-ամյա հիվանդն ինքնասպանություն է գործել նոյեմբերի 18-ին՝ կախվելով սավանով: Կենտրոնի տնօրեն Գագիկ Սայադյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ տղամարդը նախկինում բազմիցս փորձել է ինքնասպանություն գործել, վերջին անգամ նույնիսկ մկրատով կոկորդն է կտրել:





























