Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի վարչական տարածքում՝ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին դեռեւս մեկ ամիս առաջ սողանք է առաջացել, սակայն առ այսօր պատկան մարմինները որեւէ քայլ չեն ձեռնարկել հարցը լուծելու համար:
Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ սողանքի հետեւանքով ասֆալտի տակի հողազանգվածը մի քանի մետր հոսել է ցած՝ ճանապարհի մի մասը թողնելով «օդում կախված»: Առաջացած սողանքի ու դրա վտանգների մասին ճանապարհին որևէ նախազգուշացնող նշան տեղադրված չէ, ինչը նշանակում է՝ ցանկացած վարորդ կարող է մեքենան կայանել փլուզված ասֆալտի վրա ու գահավիժել հարակից ձորակը:
Տարածքով անցնող վարորդները մեր թղթակցի հետ զրույցում նշեցին, որ եթե կարճ ժամանակում քայլեր չձեռնարկվեն, ձմռանը ճանապարհն ավելի մեծ թափով կփլուզվի, քանի որ հալոցքների ժամանակ հողասահքերը կուժեղանան:
Ճանապարհային ոստիկանությունից խնդրի վերաբերյալ հայտնեցին, որ իրենք դեռ մեկ ամիս առաջ են ճանապարհը սպասարկող ընկերությանը համապատասխան գրություն ուղարկել: Մինչդեռ ընկերության ղեկավարը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը մեզանից է տեղեկանում խնդրի մասին եւ խոստացավ անմիջապես քայլեր ձեռնարկել եւ լուծել խնդիրը:


Լուսանկարները` Ալեն Գրիգորյանի





























