Վանաձորցի վեբ-ծրագրավորող Սվետլանա Ջաղացպանյանը և ծրագրավորող Արամ Եղիազարյանը Մոսկվայում կազմակերպված միջազգային երիտասարդական ինովացիոն ֆորումում զբաղեցրել են երկրորդ մրցանակային տեղը՝ արժանանալով երկրորդ կարգի դիպլոմների:

Նրանք Հայաստանից մեկնած ևս 3 վանաձորցի մասնակիցների հետ ներկայացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և ինովացիոն ոլորտը:

Սվետլանան ֆորումին ներկայացրել է էներգախնայող կոմպրեսոր, որը նա ստեղծել է հայաստանյան արտոնագրված մոդելի հիման վրա՝ հաշվի առնելով միջազգային առաջատար փորձը:

«Կոմպրեսորը լայն կիրառություն կարող է գտնել հատկապես գազալցակայաններում, ուր կարելի է հասնել ոչ միայն էլեկտրաէներգիայի շուրջ 50 տոկոս խնայողության, այլև կայանները էականորեն կշահեն սարքի անհամեմատ ցածր գնի, դրանց առավել երկարակեցության առումով»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հեղինակը:

Արամ Եղիազարյանը ներկայացրել է  ավտոմատացված համակարգման մոդուլ, որով կարելի է հեռակառավարել ցանկացած էլեկտրական սարք, կարելի է օգտագործել տարբեր միջավայրերի խոնավությունը` սողանքային վայրերում վտանգավորության աստիճանը որոշելու համար, իսկ գազատարներում և քիմիական արդյունաբերությունում՝ որպես անվտանգության համակարգ:

Նշենք, որ ֆորումին մասնակցել է 9 երկրների շուրջ 60 մասնակից: