Լոռու մարզում ուժեղ քամու ավերածություններից անցել է շուրջ մեկ շաբաթ, սակայն մարզի տարբեր համայնքներից չի դադարում բնակիչների հոսքը Վանաձորի քաղաքապետարան ու Լոռու մարզպետարան: Բնակիչներն իրենց ավերված տանիքների ու պատուհանների համար աջակցություն են խնդրում:
Այսօր` նոյեմբերի 19–ին, բողոքող լոռեցիներին ընդունել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։
Կուրթանեցի Ներնիկ Մագթաղյանի առանց այն էլ վնասված տանիքը քամին քշել տարել է` տարեց կնոջը թողնելով առանց ծածկի:
«Էս քամին ինձ փողոց ա գցել, ոչ մի բան չի թողել, բալես, լույսը անջատել ա, տելեվիզրն անջատել ա: Որ անձրև ա գալիս, ես դուշ եմ ընդունում»,-մարզպետին է բողոքում Ներնիկ տատը:
Մարզպետի դիտարկմանը, թե՝ իրենք սեփական բնակարանների տանիքը չենք կարող փոխել, տատը արձագանքեց. «Էդ տանիք փոխելն էդ ի՞նչ ա որ, 32 քառակուսի մետր ա, էլի»:
Տատի խնդրանք-հորդորներից հետո մարզպետը խոստացավ. «Դիմում գրեք, որոշ չափով կօգնեմ, դիմեք գյուղապետին, թող նա էլ օգնի»:
Քարինջ գյուղի բնակիչ Վովա Պողոսյանը ասաց, որ քամու հետևանքով գյուղում ամենից շատ ինքն է վնաս կրել:
«Ամենաշատը ինձ ա վնաս տվել: Համ հիվանդ եմ, համ շենքս ա փուլ ածել քամին, գոմի շիֆերն ա, փռի շիֆերն ա, տան շիֆերն ա, շուշա-բան, չի թողել, սաղ թափել ա: Մենակ 100 հատ շիֆեր ա ջարդվել, գոնե դրա կեսն օգնեն»:
Մարի Հարությունյանը ևս նույն խնդրով էր եկել. «Էս քամիները տանիքի շիֆերները տարել են, տունը մնացել ա բաց: Երեք երեխաների վրա որ անձրևը գա, ձյունը գա, էլ հնարավոր չի լինի ապրել…»:
Մարզպետը նրա ու տանիքների վերականգնման համար դիմած բոլոր բնակիչներին տեղեկացրեց՝ մարզի ընդհանուր վնասի չափը հաշվարկվել ու ուղարկվել է կառավարություն:
«Աջակցության դեպքում առաջնահերթությունը տալու ենք պետական ու համայնքային գույքին՝ դպրոցներ, մանկապարտեզներ և այլն, հետո բազմաբնակարան շենքերին, իսկ մասնավորի համար կտեսնենք, եթե խիստ անապահով ընտանիքներ կլինեն ու մեզ դրա համար հատկացնեն ինչ-որ մի բան, մենք դա անպայման հաշվի կառնենք»,- ասաց Նալբանդյանը:
Նախնական տվյալներով` քամու հետևանքով Լոռու մարզի վնասի չափը կազմել է 311 մլն դրամ: Առավել շատ տուժել են Վանաձորն ու Ալավերդին: Վանաձորում վնասի չափը կազմել է 66 մլն, Ալավերդիում՝ 47 մլն դրամ:






























