Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արիստակես Սիսակյանի նախագահությամբ, այսօր՝ նոյեմբերի 19-ին կալանավորման որոշում է կայացրել Հանքավանում երեք մարդու սպանության մեջ մեղադրվող Հայրապետ Սեփոյանի նկատմամբ։ Նրա դեմ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ռազմամթերքի ձեռք բերել, պահել)։ Դատարանի վճռով կիրառվել է երկամսյա կալանք։

Նշենք, որ Հայրապետ Սեփոյանը նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության փոխնախագահ Մխիթար Հարությունյանի քրոջորդին է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 16-ի երեկոյան կրակոցներ էին հնչել Հանքավանի «Տաք ջուր» կոչվող տարածքում, ինչի հետեւանքով մահացել էին եղբայրներ 25-ամյա Վարդան եւ 35-ամյա Վահե Գալստյանները, նրանց ընկեր, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կողմերի վիճաբանության պատճառը եղել է ծառահատումը: Ըստ այդմ, սպանված երիտասարդները` Վարդան ու Վահե Գալստյանները, Մարմարիկի 27-ամյա բնակիչ Հայրապետ Սեփոյանի հոր հետ վիճել են այն պատճառով, որ վերջինս կտրել է նրանց հոր` Հանքավանում գործարար Ֆրունզե Գալստյանի տնկած ծառը, որդին հոր վրեժը լուծելու համար Հանքավանի «Տաք ջուր» առողջավայրում ինքնաձիգով կրակել է Վահեի մեքենայի վրա, ինչի հետեւանքով մեքենայում գտնվող երեք երիտասարդները մահացել են։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում  նոյեմբերի 17-ին քրեական գործ է հարուցվել։

Վարդան Գալստյանն ու  Արմեն Հովհաննիսյանը ամուսնացած չէին: Վահե Գալստյանը երկու անչափահաս զավակների հայր էր: