Ֆրանսիայի իշխանությունները տեղեկություններ են ունեցել Փարիզի ահաբեկչությունների հեղինակների առնվազն 3-ի մասին, սակայն անգործության են մատնվել եւ անտեսել են պոտենցիալ վտանգի մասին տեղեկությունները, գրում է The Guardian-ը։
Ֆրանսիայի հատուկ ծառայություններն ամեն օր բախվում են կասկածյալների մեծ թվի եւ դրան հակադրվող փոքրաքանակ աշխատակիցների խնդրի հետ։ Ֆրանսիայի ոստիկանությունում աշխատում է 500-600 իրավապահ։ Սակայն հատուկ մարմիններում կա 11 հազար մարդ, որոնք զբաղվում են ազգային անվտանգության ապահովման խնդրով։
Հոդվածում նշվում է, որ մեկ կասկածյալի հետեւելու համար մարմինները պետք է գործի դնեն 30-40 աշխատակից։ Այսպիսով՝ նրան պետք է մշտապես որոշեն, թե որ կասկածյալի վերահսկողությունն ավելի առաջնային պետք է լինի։
Ներկայումս Ֆրանսիայի հատուկ ծառայությունները ճնշման տակ են այն պատճառով, որ չկարողացան կանխել Charlie Hebdo-ի ահաբեկչությունը եւ Փարիզի ահաբեկչությունների շարքը։ Հասարակությունում բարձրանում է հարցը, թե ինչ թերացումներ կան հատուկ ծառայություններում, սակայն Ֆրանսիայի կառավարությունն արդեն մի շարք նոր օրենքներ է առաջարկել, որոնցով անվտանգության ավելի խիստ միջոցներ են ապահովվելու։
Հաղորդվում է, որ չնայած այն հանգամանքին, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները տեղյակ են եղել առնվազն 3 ահաբեկչի արմատական անցյալի մասին, հատուկ ծառայությունները հայտարարում են, թե ահաբեկիչների մասին բավականաչափ տեղեկություն չունեն։ Հոդվածագիրը նշում է, սակայն, որ ֆրանսիական հատուկ ծառայությունների տապալումը պայմանավորված է ոչ թե տեղեկությունների բացակայությամբ, այլ նրանց անգործությամբ։ Առնվազն 3 ահաբեկչի նկատմամբ կարելի էր հսկողություն իրականացնել, գրում է հեղինակը, փոխանցում է Gazeta-ն։
Ի թիվս այլ պատճառների՝ The Guardian-ի սյունակագիրն առանձնացնում է նաեւ Ֆրանսիայի եւ եվրոպական այլ երկրների հատուկ ծառայությունների միջեւ սերտ համագործակցության բացակայությունը եւ գաղտնի տեղեկությունները հայտնելու ցանկության բացակայությունը։





























