Փարիզի «Ստատ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ իրեն պայթեցրած ահաբեկիչներից մեկը՝ Ահմադ Ալմոհամեդը, Ֆրանսիա էր եկել Թուրքիայով՝ որպես սիրիացի փախստական: Այս մասին հաղորդում է Haberturk-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրը:

Թուրքական հետախուզությունը պարզել է, որ մահապարտ ահաբեկիչն ապրում էր Սիրիայի Մարի քաղաքում, որը գտնվում է ԻՊ-ի վերահսկողության տակ: Նա թուրքական սահմանը հատել է որպես փախստական, որից հետո Գազիանթեփով հասել է թուրքական Իզմիր: Այս քաղաքում հոկտեմբերի 2-4-ը Ալմոհամեդը ապրել է Sultan հյուրանոցում, ապա Էգեյան ծովով հասել է Հունաստան, որտեղից էլ անցել է Մակեդոնիայով, Սերբիայով ու Խորվաթիայով, որտեղ հոկտեմբերի 7-ին գրանցվել է որպես փախստական: Այնուհետեւ ահաբեկիչը Հունգարիայով ու Ավստրիայով հասել է Ֆրանսիա,  հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Վերջին տվյալներով, մահացել է 129 մարդ, եւս 300-ը վիրավոր է: