Ազգային փրկության «Նոր Հայաստան» ճակատի եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ էական տարաձայնություններ չկան, կարող են լինել որոշակի մարտավարական տարբերություններ, բայց դրանց հաղթահարումը ժամանակի հարց է:   Այդ մասին դեկտեմբերի 1-ին մամուլի ասուլիսի ընթացքում ասել է  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրենց կմիանան «Չեք անցկացնի» շարժման եւ Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցները եւ արդյոք տարաձայնություններ չի տեսնում:

Մարտիրոսյանի խոսքով, իրենք անընդհատ համատեղ քննարկումներ են անցկացնում եւ անում են ամեն հնարավորը, որպեսզի իրենց դիրքորոշումները չհակասեն իրար:  «Երկրորդ` այսօրվա հանրահավաքին դուք կլսեք ՀԱԿ-ի դիրքորոշումը: Երրորդ` ես ներկայացրել եմ մեր երեք պահանջները`  սահմանադրական բարեփոխումների գործընթացի դադարեցում, իշխանության փոփոխություն եւ արտահերթ ընտրություններ: ՀԱԿ-ը այդ երեք պահանջների վերաբերյալ համանման դիրքորոշում ունի», - ընդգծել է Արմեն Մարտիրոսյանը: Խնդիրը «Նոր Հայաստանի» եւ ՀԱԿ-ի մեջ չէ, շարունակել է   «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահը, խնդիրը մեր քաղաքացիներն են, նրանք պիտի իրենց քայլերը թելադրեն քաղաքական ուժերին:  «Եթե մենք իրոք ուզում ենք խնդիրներ լուծել, դրանք պիտի համապատասխանեն քաղաքացիների պահանջներին: Վստահ եմ, որ մենք կշարունակենք մեր գործողությունները, ինչպես մինչեւ այժմ արել ենք», - ասել է ընդդիմադիրը: