Հարյուրավոր ամերիկացիներ սոցցանցերն օգտագործում են «Իսլամական պետության» գրոհայիններին իրենց աջակցությունը հայտնելու համար, գրում է The Guardian թերթը` վկայակոչելով Ջորջ Վաշինգթոնի անվան համալսարանի հետազոտությունը:
Հետազոտության մեջ վերլուծվում են իսլամիստներին աջակցող ավելի քան չորս հարյուր ակտիվիստ-օգտատիրոջ համացանցային էջերն ու փաստաթղթերը: Արդյունքները ցույց են տալիս, որ ԻՊ-ի ամերիկացի կողմնակիցների միջին տարիքը 26 է: Նրանց ընդամենը 14 տոկոսն են կազմում կանայք: Կեսից ավելին եղել է այլ երկրներում: Ամեն հինգ ակտիվիստից երկուսը նորահավատ մահմեդական է:
Հետազոտողներն այն եզրակացության են հանգել, որ սոցցանցերն առանցքային դեր են խաղում ԻՊ-ի գրոհայինների արմատականացման եւ հավաքագրման գործում: Նրանք Twitter-ը ճանաչել են որպես գլխավոր համացանցային հարթակ, որը ջիհադիստներն օգտագործում են նոր կողմնակիցների հավաքագրման համար, գրում է Gazeta-ն:
«Սա համացանցային ընկերակցություն է` տարբեր դերերով եւ անհատականություններով: Ջասթին Բիբերի երկրպագուների ընկերակցության նման է: Նրանք անընդհատ ծավալվում են եւ անհամեմատ ավելի լավ են համակարգված, քան կարծում էինք», — ասել է զեկույցի համահեղինակ Լորենցո Վիդինոն:
Նրա խոսքով, Twitter-ում ԻՊ-ի կողմնակիցները երեք տեսակի են` նրանք, ովքեր ստեղծում են հիմնական բովանդակությունը, նրանք, ովքեր դրանք վերատեղադրում են եւ ովքեր անձնական էջեր են զարգացնում:
Twitter ընկերության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել զեկույցի արդյունքները, բայց հիշեցրել է, որ ծառայության քաղաքականությունը ենթադրում է, որ օգտատերերն իրավունք չունեն սպառնալիք տարածել կամ հավանություն տալ բռնությանը:





























