Երկրի վիճակից դժգոհողները, բողոքողները առաջինը պետք է Սահմանադրության նախագծին ասեն՝ «այո»։ Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, «Այո եւ ոչ» ռեալիթի շոուի շրջանակում աբովյանցիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Այո»-ի ներկայացուցիչ Կարինե Աճեմյանը։

«Մենք այնքան միամիտ չենք, որ չհասկանանք, որ ժողովրդի մեջ բողոքողներ կան, մենք միամիտ չենք, որ չհասկանանք դժգոհողներ էլ կան, բայց հենց դժգոհողները առաջին հերթին պիտի «այո» ասեն, որովհետեւ դժգոհելուց հետո պիտի փոխեն եւ մենք այդ Ճանապարհը առաջարկում ենք»,-ասել է Կարինե Աճեմյանը՝ հավելելով. «Ոչ» ասողները ձեզ որեւէ բան առաջարկո՞ւմ են: Առաջարկ չի հնչել ու չի հնչելու»:

Կարինե Աճեմյանը շեշտել է, որ «Ոչ»-ի կողմնակիցները քաղաքացիների սրտի լարերի վրա են խաղում՝ այս գործընթացի շրջանակում նշելով, նրանց սոցիալական վիճակը։

«Մենք շատ բաներ տեսանք, որ Աբովյան քաղաքը փոսի մեջ չի, որ առաջընթաց է ապրել, որ դժգոհություններ կան սոցիալական վիճակից, դա էլ ենք տեսել։ Ձեր նուրբ լարերի վրա են խաղում նրանք, ոչ միայն սոցիալական վիճակն են առաջ բերում, այլ նաեւ․․․ Կան քաղաքական խաղի կանոններ եւ այդ խաղի կանոնները երբեք չի կարելի խախտել։ Ինչպես մեր հասարակությունում կան շատ ու շատ խնդիրներ, այնպես էլ պառլամենտում։ Ինչպես մենք մեր հասարակությունում չենք կարողացել պատերազմի հետեւանքները վերացնել, այնպես էլ պառլամենտում կան պատերազմի հետեւանքներ։ Ես համարում եմ, որ մենք դանդաղ ենք զարգանում»,-հայտարարել է «Այո»-ի ներկայացուցիչը՝ հավելելով. «Եթե տեսնեք՝ ձեզ չեն բավարարում նախագծի դրույթները, գնացեք ասեք՝ «ոչ»։ «Ոչ»-ը ի՞նչ է առաջարկում, ամեն ինչ նույնը մնա՞, մենք առաջարկում ենք փոփոխություն։ Մեր մտածելակերպը, դիրքորոշումն ու տեսակետն է փոխվելու»։