Այսօր ունենք մի Սահմանադրություն, որն հռչակում է մարդկանց իրավունքները բոլոր ոլորտներում, բայց այդ իրավունքները կյանքի կոչվելու մեխանիզմներ չի տալիս։ Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, «Այո եւ ոչ» ռեալիթի շոուի շրջանակում աբովյանցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Այո»-ի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով քաղաքացու այն հարցրին, թե այս փոփոխությունից ինչ ակնկալիք կարող են ունենալ շարքային քաղաքացիները։
«Երկրի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրները չեն հերքում ոչ «Այո»-ի, ոչ էլ «Ոչ»-ի ներկայացուցիչները։ Մենք ունենք մի Սահմանադրություն, որը սկսած սոցիալական, տնտեսական, մշակութային կյանքից՝ ավարտած քաղաքական կյանքով, այս բոլոր ոլորտներում հռչակում է մարդկանց իրավունքներ, բայց կյանք դառնալու լիարժեք մեխանիզմներ չի տալիս։ Այս փոփոխությամբ քաղաքացիների իրավունքների՝ իր կամքով իշխանություն ունենալու, չդժգոհելու իրավիճակից եւ այդ իշխանությունից հաշվետվություն պահանջելու, իրացման արդյունավետ մեխանիզմներ են առաջարկվում»,-պարզաբանել է «Այո»-ի ներկայացուցիչը։
Ըստ Մինասյանի՝ առաջարկվող նախագծով տարվա մեջ մեկ անգամ վերոնշյալ ոլորտներում մարդկանց իրավունքների իրացման եւ շատ հարցերի վերաբերյալ կառավարությունը պետք է հաշվետվություն ներկայացնի հանրությանը։ Բացի դա Խորհրդարանում քաղաքական ընդդիմությունը ստանում է հնարավարություն՝ անվստահություն հայտնելու կառավարությանը, որը չի կատարել իր հռչակած ծրագրերը։





























