Նորագավիթի գերեզմանատանն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, տեղի ունեցավ նոյեմբերի 28–ին գլխի գագաթային շրջանի հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած զինծառայող 18-ամյա Գեւորգ Խաչատրյանի հուղարկավորությունը:

Հուղարկավորությանը ներկա էին ԶՈւ բարձրաստիճան զինվորականներ, Գեւորգի ծառայակից ընկերներն ու հարազատները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գեւորգ Խաչատրյանի հարազատները չեն հավատում ժամկետային զինծառայողի մահվան նախնական պաշտոնական վարկածին, ըստ որի, նա ինքնասպան է եղել:

NEWS.am-ի հետ զրույցում զոհված զինծառայողի հորեղբայրը նշել էր, որ մինչեւ վերջ գնալու են Գեւորգ Խաչատրյանի մահվան հանգամանքները բացահայտելու համար:

5 ամիս առաջ բանակ զորակոչված Գեւորգ Խաչատրյանը իրենից փոքր մեկ քույր ունի, ապրում էր ծնողների հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Խաչատրյանի մահվան հանգամանքները: