Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու թիվ 27 երթուղային ավտոբուսում կատարված գողության հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2015 թվականի հոկտեմբերի 6-ին առերեւույթ հանցագործություն կատարած անձը երթուղային ավտոբուսի մեջ հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտ։ Քննությամբ պարզվել է, որ գողացված քարտով նույն օրը կանխիկացվել է քաղաքացու հաշվեհամարում առկա գումարը՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քննության ընթացքում ստացվել են բանկոմատի վրա տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երեւում է կանխիկացման գործարք կատարող երիտասարդը:
Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ նշված երիտասարդի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:






























