Դեկտեմբերի 2-ին Երեւանում նշվեց Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնը: Տոնական ընդունելության ժամանակ Հայաստանում ԱՄԷ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասիմ Մոհամմես Ալ Քասեմիին շնորհավորելու էին եկել Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, Երեւանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, բացման ելույթում դեսպան Ջասիմ Մոհամմեդ Ալ Քասեմին նշեց, որ այսօր ԱՄԷ-ի հիմնադրման 44-րդ տարեդարձն է:
«Պետության հիմնադրման առաջին իսկ օրերից ԱՄԷ-ն արտաքին քաղաքականություն է վարում՝ ելնելով Շեյխ Զաիդ բին Սուլթան Ալ Նահյանի սկզբունքներից: Դրանք հիմնված են փոխադարձ հարգանքի, այլ պետությունների ներքին քաղաքականությանը չմիջամտելու եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման, ինչպես նաեւ մշակույթների երկխոսության եւ հանդոուրժողականության վրա: Նույն քաղաքականությունը շարունաում է նաեւ նախագահը՝ Նորին Մեծություն Շեյխ Խալիֆ բին Զաիդ Ալ Նահյանը, որի կառավարման օրոք ԱՄԷ-ի դիվանագիտությունը բնորոշվում է որպես դինամիկ եւ հաջող»,- ընդգծեց դեսպանը:
Դիվանագետի խոսքով, աշխարհի տարբեր երկրների հետ ԱՄԷ-ն ռազմավարական համագործակցություն է հաստատել՝ միջազգային մակարդակով ապահովելով պետության տեղն ու ներկայությունը:
Միջոցառման ընթացքում արաբական հետաքրքիր երաժշտություն էր հնչում, տոնի անբաժանելի մաս էին կազմում նաեւ համեղ ուտեստները, արաբական քաղցրավենիքը, ինչպես նաեւ տոնական տորթը:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























