ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին արձանագրել է «սառեցված» հակամարտությունների, այդ թվում նաեւ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելը, Բելգրադից հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը։

Պետքարտուղարն իր ելույթը սկսել է շնորհակալական խոսքով ուղղված իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովին, որը ելույթ էր ունեցել իրենից առաջ եւ խոսքը սկսել էր Սան Բերնարդինոյի ողբերգության կապակցությամբ ցավակցություն հայտնելով: Գործընկերոջը շնորհակալություն հայտնելով` Ջոն Քերրին  էլ  ցավակցություն է հայտնել նախօրեին ահաբեկիչների ձեռքով Ռուսաստանի քաղաքացու սպանության կապակցությամբ: 

«Հրեշավոր, ստոր հանցագործության կապակցությամբ, երբ ռուսաստանյան քաղաքացին գլխատվել էր: Հանցագործությունն իրականացվել էր անպատկառ, գրոտեսկային եղանակով», - ասել է Քերրին:

Նրա խոսքով, ահաբեկչությանը պետք է պատասխանել ուժային գործողությամբ: «Մենք պիտի ոչնչացնենք: Հանցագործների հետ ոչինչ չկա պայմանավորվելու», - ասել է Քերրին:

Այնուհետեւ անդրադառնալով ձգձգված հակամարտություններին` նա հիշեցրել է, որ չկարգավորված են մնում Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունները: 

Նրա խոսքով, անհրաժեշտ է ավելի շատ ջանքեր գործադրել վերոհիշյալ հակամարտությունների լուծման համար: