Ֆրանսիայի Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 3-ին, քննարկվում է պատգամավոր Վալերի Բուայեի ներկայացրած օրինագիծը, որն արգելում է հերքել ցեղասպանությունները եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունները, որոնք կատարվել են 20-րդ դարում, հատկապես Հայոց ցեղասպանությունը:

Ազգային ժողովը որոշել է օրինագիծն ուղարկել հատուկ հանձնաժողովին՝ այն քննարկելու համար: Քվեարկությանը մասնակցած 39 պատգամավորներից 26-ը կողմ է քվեարկել, 12-ը՝ դեմ, իսկ 1-ը՝ ձեռնպահ: 

Մինչեւ այդ Վալերի Բուայեն իր խոսքում ընդգծել է, որ Ֆրանսիան պետք է պաշտպանի Ցեղասպանության օրենքը:

«Իմ օրինագիծը վերաբերում է 20-րդ դարում կատարված բոլոր ցեղասպանություններին: Այն մարդիկ, որոնք Իրաքում եւ Սիրիայում սպանում են քրիստոնյաներին, կարող են հանգիստ լինել, քանի որ իրենց կատարածը որեւէ լուրջ հետեւանք չի ունենում: Այդ պատճառով մենք պետք է ընդունենք Ցեղասպանության ժխտումը քրեականացնող այս օրինագիծը», ասել է Բուայեն:

Պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուան էլ իր ելույթում նշել է, որ Օլանդը դեռ Հայաստան կատարած այցի ժամանակ է խոստացել ընդունել այս օրինագիծը: Մինչդեռ պատգամավոր Մարի-ան Շաբդելենը դեմ է արտահայտվել օրինագծին՝ նշելով, որ Բուայեն այս օրինագիծը ներկայացնում է, քանի որ առաջիկայում ընտրություններ են:

«Հարցն այն է, որ ԻՊ-ն այսօր նույն Ցեղասպանությունն է անում Սիրիայում եւ Իրաքում, ինչ որ ժամանակին՝ Թուրքիան»,- պատգամավորին ի պատասխան ասել է Կրիստիան Կերտը:

Հիշեցնենք, որ Վալերի Բուայեն 2011թ.-ին -ին ներկայացրել էր Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը՝ հիմք ընդունելով ռասիզմի եւ Ֆրանսիայի օրենսդրությամբ ընդունված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարի ոլորտում հասարակության իրավունքը: Օրինագիծն ընդունվել էր Ազգային ժողովի եւ Սենատի բոլոր խմբերի կողմից 2012-ի հունվարի 23-ին: Սակայն, Սահմանադրական խորհուրդը չեղյալ համարեց այն հիմքով, որ ժխտումը կարծիք արտահայտելու ազատության մի մաս է՝ դրանով վերջ դնելով ժխտման քրեականացման փորձին:

2014թ.-ին Բուայեն ներկայացրել է օրինագծի երկրորդ տարբերակը: