Սերժ Սագսյանի հարցազրույցը հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին որեւէ կոնկրետություն չմտցրեց Հայաստանի եւ Սերժ Սարգսյանի ապագայի վերաբերյալ եւ ավելի ամրապնդեց ընդդիմության կարծիքը, որ սահմանադրական փոփոխությունների միակ նպատակը նրա իշխանության ամրապնդելն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազատության հրապարակում «Ոչ»-ի ճակատի հանրահավաքին հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:
«Սերժ Սարգսյանի հարցազրույցը ավելի խճճեց վիճակը, ոչ մի կոնկրետություն չմտցրեց: Լրագրողների ներկայությամբ այնպես է չքմեղանում, իբր ամեն ինչ անում է ընդդիմության համար, մեկը լինի հարցնի՝ էս ամեն ինչը, էս բեսպրեդելը քո օրոք չի՞ եղել»,- ասաց Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա հանրահավաքին ելույթները կարճ են լինելու, որպեսզի ժողովուրդը չմրսի, չհիվանդանա. հիմնականում քննարկվելու են գործնական քայլերը երեք օրից «Ոչ»-ի ճակատի հրավիրած հանրահավաքի վերաբերյալ:
Նշենք, որ թեեւ հանրահավաքը հրավիրել է «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, ՀԱԿ-ը եւ ՀԺԿ-ն, ըստ էության այսօրվա հանրահավաքը համատեղ է` դեկտեմբերի 1–ից հրապարակում անժամկետ հանրահավաքներ ու նստացույց սկսած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հետ, որի կազմում են «Հիմնադիր խորհրդարանը» եւ «Ժառանգությունը»։
Այնուամենայնիվ, ՀԱԿ–ը հայտարարել է, որ չի միանալու «Նոր Հայաստանի» նստացույցին: Հանրահավաքին կհաջորդի երթ։
Հրապարակում են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը, «Ոչ»–ի ճակատի շտաբի ղեկավար, ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը։ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր–Պետրոսյանն այսօր էլ հանրահավաքին չի մասնակցում։




























