Ստիպված ենք ափսոսալ, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը խոսքի տերը չէ: Այդ մասին ասել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը Հայոց  ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ պատգամավոր Վալերի Բուայեի օրինագծի քննարկմանը: 

Նա դրական է արտահայտվել Բուայեի օրինագծի մասին եւ հիշեցրել է, որ օրենքի ոլորտն ընդլայնվել է եւ առաջարկվում է պատժել ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտումը, այլեւ` մարդկության դեմ բոլոր հանցագործությունների: 

«Ցավում եմ, որ հանրապետության նախագահը չի հարգում իր խոստումը, որը տվել էր 2012-ին, երբ թեկնածու էր: Ընդ որում, նա այդ մասին ասել է եւ Երեւանում, եւ եվրոպական երկրներում, եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող հանձնախմբի մի քանի միջոցառման ընթացքում», - ասել է պատգամավորը:

Օրենքի նախագիծը սկսում են քննարկել սոսկ տեղական ընտրությունների շեմին, որպեսզի այն օգտագործեն քաղաքական շահաբաժին ստանալու համար: Նման կոնյուկտուրային մոտեցումն անընդունելի է, հավելել է Ռոշբլուանը: