20 տարվա մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը հնարավորություն է ստացել ունենալու իր վստահությունը վայելող, իրեն հաշվետու իշխանություն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազազտության հրապարակում սահմանադրական փոփոխությունների դեմ «Ոչ»-ի ճակատի հանրահավաքին ասաց «Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ իշխանություններին հեռացնելու հարցը պետք է լուծել «հիմա կամ երբեք» սկզբունքով:

«Եթե այս հարցը այս տարի չլուծվեց ու թույլ տվեցինք, որ իշխանությունները շարունակեն հաղթարշավը մեր քաղաքացիների, մեր իրավունքների դեմ, ոչ ոք թող իրավունք չունենա ասելու՝ ինչու այսպես ստացվեց»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հանրաքվեին դեմ արտահայտվողները, որոնք տարբեր կերպ են պատեկերացնում իրենց պայքարը, դեկտեմբերի 6-ին ընտրատեղամասերի փակվելուց հետո՝ ժամը 20:00-ին, պետք է մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները եւ հավաքվեն Ազատության հրապարակում, մնան այնտեղ մինչեձւ առավոտ եւ հասնեն իշխանափոխության:

«Մարդ կա, որը կգնա քվեարկության ու ոչ կասի, մյուսը չի գնա քվեարկության, ես ինքս գնալու եմ ու ճղելու եմ այդ կեղծ թուղթը: Բայց դեկտեմբերի 6-ին՝ ժամը 20:00-ին, բոլորը պետք է հավաքվեն այստեղ, միասնաբար պայքարեն»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կոչ անելով բոլոր քաղաքական ու հասարակական ուժերին միանալ իրենց:

Նշենք, որ թեեւ հանրահավաքը հրավիրել է  «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, ՀԱԿ-ը եւ ՀԺԿ-ն, ըստ էության այսօրվա հանրահավաքը համատեղ է` դեկտեմբերի 1–ից հրապարակում անժամկետ հանրահավաքներ ու նստացույց սկսած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հետ, որի կազմում են «Հիմնադիր խորհրդարանը» եւ «Ժառանգությունը»։

Այնուամենայնիվ, ՀԱԿ–ը հայտարարել է, որ չի միանալու «Նոր Հայաստանի» նստացույցին: Հանրահավաքին կհաջորդի երթ։

Հրապարակում են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը, «Ոչ»–ի ճակատի շտաբի ղեկավար, ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը։ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր–Պետրոսյանն այսօր էլ հանրահավաքին չի մասնակցում: