Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի ձեւավորած «Ոչ»-ի ճակատի համատեղ երթն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, անցավ առանց միջադեպերի եւ ավարտվեց Ազատության հրապարակում (ֆոտոռեպորտաժ):
Երթն առաջնորդում էին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչներ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Նշենք, որ երթը հսկում էին ոստիկանները, իսկ Կառավարության շենքն ամբողջովին շղթայված էր ոստիկանական պատով: Երթի մասնակիցներն ամբողջ ընթացքում վանկարկում էին «Քվեարկիր ոչ», իսկ քաղաքացիներին հորդորում միանալ իրենց:
Գիշերը «Նոր Հայաստան» փրկության ճակատի անդամները կմնան Ազատության հրապարակում, իսկ ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն Ազատության հրապարակ կվերադառնան դեկտեմբերի 7-ին, որտեղ կանցկացնեն հանրահավաք: Իսկ մինչեւ այդ Ազատության հրապարակում դեկտեմբերի 6-ին ժամը 20:00-ին՝ ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո, հանրահավաք է հրավիրել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, որի կազմում են «Ժառանգությունն» ու «Հիմնադիր խորհրդարանը»: Նրանք մտադիր են ուղիղ եթերում միասին հետեւել ձայների հաշվարկին եւ մինչեւ առավոտ մնալ հրապարակում:
Հիշեցնենք, որ «Նոր Հայաստանը» դեկտեմբերի 1-ին անժամկետ հանրահավաքներ է սկսել եւ արդեն երկու օր նախաձեռնության անդամները հերթափոխով գիշերում են Ազատության հրապարակում:
Նշենք, որ դեկտեմբերի 3-ին Երեւանի Ազատության հրապարակում «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, ՀԱԿ-ը եւ ՀԺԿ-ն, հրավիրել էին սահմանադրական փոփոխությունների դեմ հանրահավաք, ապա երթ: Հանրահավաքին ելույթներ ունեցան նաեւ դեկտեմբերի 1–ից հրապարակում անժամկետ հանրահավաքներ ու նստացույց սկսած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մաս կազմող քաղաքական ուժերի` «Հիմնադիր խորհրդարանի» եւ «Ժառանգության» առաջնորդները։ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր–Պետրոսյանն այսօր էլ հանրահավաքին չմասնակցեց:





























