Սահմանադրական փոփոխությունների դեմ քարոզողները նույնպես օրենք են խախտում, սակայն քչերն են ցանկանում դա նկատել: Այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Հարցին, դպրոցների տնօրենները չե՞ն քարոզում բարեփոխումների օգտին, Աշոտյանը պատասխանեց, որ Կրթության նախարարությունը մեկ հաստատված դեպք ունի՝ Գառնի գյուղի լիցեյում, որի տնօրենը խիստ նկատողություն է ստացել: «Նա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է, հեռանալու է աշխատանքից եւ տարիքի պատճառով այլեւս չի կարող տնօրեն դառնալ»,- հավելեց Աշոտյանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԿԸՀ-ն բազմաթիվ դպրոցներում ընտրողների հետ հանդիպումներ է թույլլատրում, քանի որ բազմաթիվ գյուղերում դպրոցները քիչ թե շատ հարմար դահլիճ ունեցող միակ վայրն են:
Եթե ինչ-որ մեկը դասաժամին քարոզչություն է նկատում, կարող է դիմել Երեւանի քաղաքապետարան կամ համայնքային վարչակազմին ու կրթության նախարարությանը:
Միաժամանակ, Աշոտյանը խնդրեց նույնպիսի հետեւողականությամբ հետեւել «Ոչ»-ի շտաբի խախտումներին: «Երեկ եւ այսօր այդ խմբի ակտիվիտները փորձել են քարոզչություն անել բուհերում՝ նյութեր բաժանելով: Դա դատապարտելի արարք է: Կխնդրեի նկատել նաեւ այդպիսի դեպքերը»,- հայտարարեց Աշոտյանը:




























