Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին դեմ քվեարկելը նշանակում է՝ կողմ քվեարկել քաղաքական մենաշնորհին, 41 մեծամասնականին: Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Յուրաքանչյուրդ գիտեք, որ «Այո»-ն անհամեմատ հաջողության է հասնելու: Դրա համար պետք է վերցնել երկու փաստաթուղթն ու համեմատել. ով «Այո»-ին դեմ է, նշանակում է՝ կողմ է ասում այսօրվա վիճակին, երբ կա 41 մեծամասնական, քաղաքական մենաշնորհ»,- ասաց Շարմազանովը:

ՀՀԿ մամուլի խոսնակը հիշեցրեց կրկին, որ Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող քաղաքական ուժերը ժամանակին կողմ էին կառավարման խորհրդարանական համակարգին:

«Սահմանադրական փոփոխությունների նախագծի նախնական տարբերակը բավականին փոփոխվել է, տարբեր քաղաքական ուժեր իրենց առաջարկությունները ներկայացրել են, հնարավորինս շատ հասարակական կազմակերպություններ են մասնակցել քննարկումներին: Նույն Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակին խոսում էր Սահմանադրական բարեփոխումների, խորհրդարանական համակարգի մասին, հիմա ի՞նչ փոխվեց: Ունեիք առաջարկներ, ներկայացնեիք, ինչո՞ւ էիք փակվել ձեր տներում, նեղացել: Այդ պատճառով եմ ասում, որ «Այո»-ն հաջողության է հասնելու»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է «Նոր Հայաստանին» եւ իշխանափոխության մասին հայտարարություններին, ԱԺ փոխնախագահի խոսքով՝ իշխանափոխության համար կա մեկ ճանապարհ՝ ընտրություններ:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի վեցին: