Ազգային փոքրամասնությունները ողջունում են Սահմանադրական փոփոխությունները, քանի որ նախագծի 89-րդ հոդվածի երկրորդ մասով հնարավորություն է տրվում իրենց ունենալ պատգամավոր խորհրդարանում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը:

«Մեզ համար միեւնույնն է` երկիրը կկառավարի վարչապետը, թե նախագահը: Մյուս կողմից մեզ համար ողջունելի են այս փոփոխությունները, քանի որ մենք հնարավորություն կստանանք ներկայացնել մեր պատգամավորին, ինչպես նաեւ բարեփոխված է արդարադատության, դատական համակարգը»,- ասաց Կնյազ Հասանովը` նշելով, որ ազգային փոքրամասնությունները կողմ են քվեարկելու Սահմանադրական փոփոխություններին:

Ասորական ‹‹Աթուռ›› հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Միխաիլովի կարծիքով էլ այս փոփոխություններով Հայաստանը մեկ քայլ առաջ է կատարում դեպի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտ:

Երեւանի «Իլիոս» հույների համայնքի նախագահ Սլավա Ռաֆաելիդիսն անձամբ եղել է Հայաստանի մի շարք գյուղերում, քարոզարշավ անցկացրել:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի վեցին: