Իտալիայի ոստիկանությունը սիցիլիական «կոզա նոստրա» մաֆիային պատկանող 13 միլիոն եվրո արժողությամբ ունեցվածքի առգրավման գործողություն է իրականացրել: Ինչպես ճշտել է Ansa գործակալությունը, կալանք է դրվել Մատտեո ընտանիքի պարագլուխ Մեսինա Դենարոյի մերձավոր շրջապատից չորս հոգու անշարժ գույքի եւ ընկերությունների վրա:
Սա առաջին գործողությունը չէ, որը հարված է հասցնում «կոզա նոստրային»: Վերջին տարիների ընթացքում միլիոնավոր եվրոների ունեցվածք է առգրավվել, ինչպես նաեւ ձերբակալվել են մաֆիայի ներկայացուցիչներ, ինչը իշխանություններին թույլ է տվել խոսել այն մասին, որ «Դենարոյի շուրջ օղակը սեղմվում է», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Մատտեո Մեսինա Դենարոն գլխավորում է Իտալիայի ամենաորոնվող հանցագործների ցուցակը. նա ավելի քան 20 տարի փախուստի մեջ է: «Կոզա նոստրայի» վերջին պարագլուխը` Սալվատորե Լո Պիկկոլոն ձերբակալվել էր 2007-ին: Նա մի կարճ ժամանակ` 2006-ին Բեռնարդո Պրովենցանոյի ձերբակալությունից հետո ղեկավարել էր սիցիլիական մաֆիան. Պրովենցանոն, իր հերթին, ավելի քան 40 տարի թաքնվում էր արդարադատությունից:
Պրովենցանոն «կոզա նոստրան» գլխավորել է 1993-ին` «պարագլուխների պարագլխի»` Տոտո Ռիինայի ձերբակալությունից հետո: Այժմ երկուսն էլ հատուկ ռեժիմի բանտերում են: Ավելի վաղ հաղորդվել էր Պրովենցանոյի լուրջ հիվանդության մասին, մինչդեռ Ռիինան նոր աղմկալի դատավարության մեղադրյալն էր դարձել, որում պետական իշխանությանը մեղադրում էին մաֆիայի հետ հանցավոր համաձայնության գալու համար:




























