Մերժել սահմանադրական փոփոխությունները, նշանակում է թողնել գործող Սահմանադրությունը, որը իշխանության վերարտադրության հնարավորություն է տալիս: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով, քարոզչության ողջ ընթացքում ՀՅԴ-ն մոտ 60 հանդիպում է ունեցել Երեւանում եւ մարզերում: «Մենք իրականում շատ լարված աշխատանք ենք իրականացրել: Ցավոք, այս ողջ ընթացքում մենք հնարավորություն չունեցանք բովանդակային քննարկում իրականացնել մեր ընդդիմախոսների հետ. նրանք հրաժարվում էին նման քննարկումներից: Եթե մենք հիմնավորում էինք մեր տեսակետը, հակառակ ճամբարը երկու հիմնական փաստարկ էր բերում. Առաջին՝ բարեփոխումները նախաձեռնել է իշխանությունը եւ երկրորդ՝ քանի որ բարեփոխումներն իշխանությունն է նախաձեռնել, նշանակում է գլխավոր նպատակը վերարտադրությունն է»,-ընդգծել է Վարդանյանը:




























