Սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման ուղղությամբ կարող ենք արձանագրել առարկայական քայլեր։ Այդ մասին ասել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որը դեկտեմբերի 4-ին ընդունել է Երեխաների հարցերով պետական քարտուղարի հատուկ խորհրդատու, դեսպան Սյուզն Ս. Ջեկոբսի ղեկավարած պատվիրակությանը:
Նախարար Արտեմ Ասատրյանը ողջունելով հյուրերին՝ բարձր է գնահատել երկու երկրների կառավարությունների համագործակցությունը, մասնավորապես` սոցիալական պաշտպանության ոլորտում: Նախարարը նշել է, որ վերջին 20 տարիների ընթացքում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը հիմնական եւ շատ կարեւոր գործընկեր է. «Շատ կարեւորում եմ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված համատեղ ծրագրերը, քանի որ կայուն համագործակցության շնորհիվ բարեփոխումների ողջ ընթացքում մենք հաղորդակից ենք եղել ոլորտում ունեցած ձեր լավագույն փորձին»:
Դեսպան Սյուզն Ս. Ջեքոբսն իր հերթին նշել է, որ ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների մեջ շատ լավ համագործակցություն է ձեւավորված՝ հատկապես երեխաների պաշտպանության ոլորտում: «Այն հանգամանքը, որ ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանը նախանշվել է որպես առաջնային երկիր, որի հետ աշխատելու ենք երեխաների բարօրության հարցերի շուրջ՝ դա հատկապես կօգնի այս ոլորտում համատեղ աշխատանքները ամրապնդելու գործում»,-ընդգծել է տիկին Ջեքոբսը: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության կողմից ցուցաբերած պատրաստակամությունը խթան է հանդիսացել համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումները: Այս առումով նախարար Արտեմ Ասատրյանը կարեւորել է այլընտրանքային սոցիալական ծառայությունների համակարգերի ձեւավորումն ու զարգացումը, որը թույլ կտա սոցիալական պատճառներով հաստատությունում հայտնված երեխաներին ապրել ընտանիքում եւ ստանալ համապատասխան սոցիալական ծառայություններ:
Այս գործընթացներում նախարարը կարեւորել է նաեւ սոցիալական աշխատողի ինստիտուտը, մասնավորապես՝ դեպքի վարումը, ընտանիքի կարիքի գնահատումը եւ ըստ դրա՝ համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրումը: «Այս համատեքստում պետք է ընդգծեմ սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացումը, որտեղ արդեն կարող ենք արձանագրել առարկայական քայլեր եւ որի կայացումը թույլ կտա սոցիալական վարչարարությունից անցում կատարել իրական սոցիալական աշխատանքի մարդու հետ»,- ընդգծել է նախարարը:
Հանդիպման ավարտին դեպան Սյուզն Ս. Ջեքոբսը բարձր է գնահատել կատարված աշխատանքները՝ նշելով որ երեխաների պաշտպանության ոլորտում բարեփոխումները բավական բարդ գործընթաց է եւ վստահեցրել է, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է համագործակցել եւ աջակցել բարեփոխման ընթացքին:




























