Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի աճը ճնշում է գործադրում գների վրա, սակայն Beeline-ը լուծումներ է գտել հօգուտ հաճախորդների։ Այս մասին դեկտեմբերի 4-ին Երեւանում լրագրողներին ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը՝ ամփոփելով 2015թ. արդյունքները։

«Մենք հասկանում ենք, որ բնակչության եկամուտները չեն աճել այնպես, ինչպես դոլարի փոխարժեքը։ Այդ պատճառով մենք հսկայական աշխատանք ենք տարել արտասահմանում ծառայություններ առաջարկող մեր մատակարարների հետ, որպեսզի հաճախորդների համար ծառայությունների գինը դրամով անփոփոխ պահպանենք։ Օրինակ միջազգային ինտերնետի ծառայության մրցույթի համար մենք կարողացել ենք անգամ դրամով ավելի ցածր գին ստանալ, քան առաջ։ Մենք նաեւ միջոցառումներ ենք անցկացրել, որոնք մեզ թույլ են տվել նվազեցնել գնվող ապրանքի դոլարային արժեքը»,- նշել է Պյատախինը։

Մասնավորապես «ՎիմպելԿոմ» խմբի եւ գործընկեր ընկերությունների հետ պայմանավորվածությունների հաշվին Ռուսաստան, Ուկրաինա եւ Իտալիա ռոումինգը կազմել է րոպեի դիմաց 25 դրամ մուտքային եւ ելքային զանգերի համար։ «Սա աննախադեպ գին է»,- նշել է Պյատախինը։

Գների ճնշման դեմ ընկերությունը պայքարում է նաեւ ներքին ծախսերի կրճատմամբ։ Որտեղ հնարավոր է, ընկերությունը թղթային փաստաթղթաշրջանառությունն տեղափոխում է էլեկտրոնային դաշտ, իսկ զանգերի կենտրոններում հաճախորդների հետ ձայնային շփումը՝ առցանց դաշտ։